Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը վստահեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաքննություններին կամ որևէ վարույթի միջամտություն չի արձանագրվել։ Լրագրողների հետ զրույցում Նահապետյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նման դեպք չի նկատել։
Լրագրողների հիշեցմանը, թե նախկինում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատվել է SMS-ի միջոցով և այն հարցադրմանը, թե արդյոք ինքը չունի մտահոգություն, որ կարող է նույն կերպ, օրինակ՝ էլփոստով հեռացվել՝ Նահապետյանը պատասխանել է, որ չկա նման մտավախություն, հայտնում է «Փաստինֆոն»։
«Որևէ մտավախություն չունեմ»,–ասել է նա։
Նահապետյանը պնդել է նաև, որ կոմիտեն, ինչպես նաև ինքն անձամբ, կաշկանդվածություն չունեն որևէ դեպքով, այդ թվում՝ վարչապետի տիկին կազմակերպելու դեպքով ստուգումներ անելու, բայց չգիտի, թե ինչի մասին է խոսքը։
«Եթե ունենանք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, թե՛ օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, թե՛ համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնելու ու արդեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան գործողություններ, այդ թվում նաև՝ նախաքննություն», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նահապետյանը, գրում է »Փաստինֆոն»։
Երբ նրան հարցրել են՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր է տեսնում նշված դեպքում, նա արձագանքել է․ «Չեմ կարող հիմա հասկանալ, թե ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ է հարցադրումները»։
Լրագրողը պարզաբանել է՝ պարտադրված ճաշկերույթ է 1 միլիոն դրամով, այժմ՝ ավելի բարձր գներով, այդ ամենում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Նահապետյանը նշեց, որ թե՛ դատախազությունը, թե՛ կոմիտեն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում, այդ թվում՝ ուսումնասիրում նաև մամուլի հրապարակումները։
«Եթե գտնում ենք, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, պարտադիր այդ կապակցությամբ իրականացվում է համապատասխան վարույթ»,–ասել է ՀԿԿ նախագահը։