29 մայիսի 2009 - 12:59 AMT
Հունիսի 4-5-ին Կոմիում կանցնեն Հայ մշակույթի օրեր
Հունիսի 4-5-ին Կոմիի մայրաքաղաք Սիկտիվկարում կանցնեն Հայ մշակույթի օրեր: Ազգային քաղաքականության նախարարությունում հաղորդել են, որ միջոցառումներին կմասնակցեն Ռուսաստանում ՀՀ դեսպանատան, «Ռուսաստանի հայերի միության», Կիրովի ու Արխանգելսկի մարզի հայ համայնքների ներկայացուցիչները:

Հանրապետությունում հայ մշակույթի օրերը կսկսվեն «հավերժ կրակի» հուշահամալիրի, Սուրբ Ստեֆանի մայր տաճարի տարածքում տեղադրված Խաչքարի մոտ ծաղկեպսակներ դնելուց: Նույն օրը նախատեսվում է անցկացնել «Ռուսաստանի հայերի միության» վարչության արտագնա նիստը:

Հունիսի 5-ին Կոմիի Ազգային գրադարանում տեղի կունենա հայ գրողների եւ Հայաստանի մասին գրականության ցուցահանդես:

Հյուրերի համար նախատեսված ծրագրի շրջանակներում նախատեսվում է էքսկուրսիա Սիկտիվկարում, Կոմիի Ազգային թանգարանի ու Ազգային պատկերասրահի այցելություն:

Կավարտվեն տոնական միջոցառումները հունիսի 5-ին Կոմիի Ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում կայանալիք տոնական համերգով` Կոմիի ազգային-մշակութային միավորումների գեղարվեստական խմբերով, հաղորդում է «Կոմիինֆորմը»: