22 ապրիլի 2025 - 17:57 AMT
ՔԿ ղեկավարն` անհետ կորածների մասին․ 4 ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են իրականացվել

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների բարձրացրած դժգոհությունները կապ ունեն քննության ընթացքի ընկալման հետ։

Նա նշել է, որ պաշտոնավարումից հետո գրեթե ամենօյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների ծնողների, և ամենօրյա կապի մեջ է նրանց հետ:

ՔԿ նախագահի խոսքով՝ կան անձինք, որոնք համաձայնել են տանել իրենց երեխաների մասունքները հուղարկավորելու, թիվը նվազել է, և նվազել է այն բանի արդյունքում, որ քննիչներն աշխատանք են կատարել, գենետիկական տարբեր փորձաքննություններ են նշանակել և կատարել, հայտնում է 1lurer.am-ը։

Նա շեշտել է, որ գոհունակության մակարդակը կարող է տարբեր լինել՝ կախված դատավարության մասնակիցների սպասելիքներից։

«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց, այնուամենայնիվ, դարձյալ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, որոնք դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են»,–ասել է նա։

Արթուր Պողոսյանը նաև ընդգծել է, որ վերջին չորս ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են իրականացվել, ինչի արդյունքում կան դեպքեր, երբ ընտանիքները տվել են իրենց համաձայնությունը՝ երեխաների հուղարկավորության համար։ Միևնույն ժամանակ, դեռևս կան բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքները չեն տրամադրվել։

«Ես նշեմ, որ վերջին 4 ամսվա ընթացքում դարձյալ 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողոթյունների ընթացքում եղել են անձինք, որոնք համաձայնել են և հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց այս ուղղությամբ ունենք բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չենք ստացել»,–ասել է նա։

Պողոսյանն ավելացրել է, որ իր պաշտոնավարման սկզբից մինչ օրս կատարվել է մեծածավալ աշխատանք՝ քրեական վարույթների շրջանակում, և այդ վարույթները ներառում են հարյուրավոր հատորներ։

2025 թվականի փետրվարի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին կայացել է Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ու Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է մոտ 200 հայ զինվոր։ Հայաստանը 44–օրյայից հետո Ադրբեջանին է փոխանցել 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։