22 ապրիլի 2025 - 18:28 AMT
Հարությունյան. Առաջիկա օրերին սպասվում է ֆեյքերի տարափ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում իր էջում գրել է, որ առաջիկա օրերին սպասվում է ֆեյքերի տարափ։

Հարությունյանը օրինակ է բերել ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը, որը, ըստ նրա, մեդիայում ներկայացվել է աղավաղված ձևով։

«Ֆեյքերի մեքենան միացված է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են:

Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր, որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Զարմանալի «զուգադիպությամբ» այդ մասին գրեց Բագրատ Գալստյանին աջակցող տելեգրամ ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ ռուսական պետական «Ռիա-Նովոստի»-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մի ուշագրավ «լուր» էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական ազդեցիկ «Գազետա.ռու»-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»:

Այս ամենը հուշում է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ, որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան»,–գրել է նա։

Նա կոչ է արել նաև առավելագույնս տարածել այսօրինակ գրառումները, ինչը թույլ կտա զերծ պահել քաղաքացիներին ավելորդ լարվածությունից:

«Ցավոք, հիբրիդային պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր»,- ասված է գրառման մեջ:

ԱԺ–ում լեզվակռիվ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև: Պատգամավորները միջամտել են, քաշքշուկ է սկսվել, հայտարարվել է 20 րոպե ընդմիջում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՎլադիմիր Վարդանյանը հերքել է լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը: