22 ապրիլի 2025 - 18:51 AMT
ԱՄՆ դեսպանը քննարկել է ՀՀ միջուկային էներգետիկայի ոլորտը Westinghouse-ի հետ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում է ունեցել Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն բանակցություններ է սկսում ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։

Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի հայկական կողմի հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։