«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Բաքվում հայերի դեմ շինծու գործերով ընթացող դատական ֆարսին, գրել է, որ մեկը ցուցմունք է տվել, թե վնասվել է Ռուբեն Վարդանյանի «տեղադրած» ականից 2024–ի փետրվարին, երբ վերջինս արդեն կես տարի կալանքի տակ էր:
Նա նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է այս ամենին տալ հստակ գնահատական։
«Բաքվի դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Ալիևյան ռեժիմի մառազմը հասել է այնտեղ, որ Ռուբեն Վարդանյանի գործողություններից «տուժածներից» մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականից վնասվածք է ստացել 2024թ. փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանը արդեն կես տարի բանտարկված էր։
Միջազգային հանրությունը պարտավոր է այս ամենին տալ հստակ գնահատական՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել հայ գերիներին»,–գրել է նա։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։