23 ապրիլի 2025 - 15:17 AMT
Միրզոյան. Կանանց նկատմամբ ՀՀ–ում կա խտրականություն ու ընտանեկան բռնություն

Կառավարությունը հաստատել է ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարական նիստի ընթացքում շեշտադրել է, որ Հայաստանում կանանց նկատմամբ կա խտրականություն, վաղուց ժամանակն է, որ շատ բարձրաձայն այս մասին խոստովանել, հայտնում է Aysor.am-ը։

«Ասեմ ավելին, շատ ավելի վատ՝ Հայաստանում կանանց նկատմամբ կա բռնություն ու կա ընտանեկան բռնություն»,- ընդգծել է նախարարը։

Նա նշել է, որ հաճախ ընդունված է կարծել, թե բռնության դրսևորումները բնորոշ են հատկապես մարզերին, սակայն լիովին համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկման հետ՝ դրանք առկա են նաև մայրաքաղաք Երևանում։

«Մեր հասարակությունում կան թեմաներ, որոնց շուրջ սեղանների մոտ ընդունված է ճոռոմ բառեր ասել ու կենացներ խմել, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»,- ասել է Միրզոյանը։

Նրա համոզմամբ՝ ընտանեկան բռնության դեմ պետք է մղել հետևողական ու կոշտ պայքար՝ առանց տատանումների ու արդարացումների։

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրով սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ ուղղված գենդերային հավասարության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։

Առաջին գերակայության նպատակն է վերացնել գենդերային խտրականությունը պետական կառավարման համակարգում և որոշումների ընդունման մակարդակում՝ կատարելագործելով կանանց առաջխաղացման մեխանիզմը և խթանելով կանանց ու տղամարդկանց լիարժեք ներգրավվածությունը։ Սրանով պետք է ապահովվի ներառական և հասանելի քաղաքական միջավայր, որտեղ բոլորը, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչները, կարող են հավասար մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացներում։

Երկրորդ գերակայությունը վերաբերում է գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը սոցիալ-տնտեսական ոլորտում՝ մասնավորապես աշխատաշուկայում և տնտեսության տարբեր ճյուղերում։ Նպատակն է նվազեցնել սեռային անհավասարությունները, բարձրացնել կանանց սոցիալ-տնտեսական ակտիվությունը և բարելավել աշխատանքի պաշտպանության մեխանիզմները՝ ընդգրկելով նաև խնամքի աշխատանքները։

Երրորդ գերակայության շրջանակում միջոցառումները միտված են կրթության և գիտության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը՝ խթանելով աղջիկների և տղաների, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը։ Դրանք միտված են անհատական ներուժի զարգացմանը և հասարակական առաջընթացին։

Չորրորդ գերակայությունն ուղղված է առողջապահական համակարգում հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խոցելի խմբերի կանանց՝ այդ թվում՝ գյուղաբնակների, հաշմանդամություն ունեցողների և ազգային փոքրամասնություններին պատկանողների հասանելիությանը հիմնական և վերարտադրողական առողջապահական ծառայություններին։

Հինգերորդ գերակայությունը վերաբերում է գենդերային բռնության և խտրականության կանխարգելմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը։ Հատուկ շեշտադրում է արվելու կանանց և աղջիկների պաշտպանությանը և պտղի սեռով պայմանավորված խտրականությունների վերացմանը։

Վեցերորդ գերակայությունն ընդգրկում է կլիմայի փոփոխության համատեքստում գենդերազգայուն մոտեցումների կիրառումը։ Նպատակն է բացահայտել սոցիալական և գենդերային ազդեցությունները, բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել ընդգրկունություն քաղաքականության բոլոր փուլերում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, այս հանգամանքը շատ կարևոր է, որ այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործվի»։