24 ապրիլի 2025 - 10:12 AMT
Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցն է

Ապրիլի 24–ին համայն հայությունը Հայաստանում և աշխարհով մեկ, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը՝ մեծագույն ոճրագործության 110–րդ տարելիցն է։

1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում: Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթի բնակչությունը:

Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները: Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերություններն ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Մեկ դարից ավելի է անցել, սակայն Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: