Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։ Այն սկսվել է Հանրապետության հրապարակից և ավարտվել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Երթը 1999 թվականից ի վեր կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երթից առաջ հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն ու որպես նախադեպ, որ չի կրկնվի այն։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան», հայտնում է Sputnik Արմենիան։
Գեղամ Մանուկյանը նշել է, որ երբ այսօր պետությունը պետք է հանդես գա որպես ամենաողջամիտ ձայնը ցեղասպանության ճանաչման հարցում, «մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ և ուրացում», մինչդեռ այս երթը վկայում է արդարության աննահանջ պահանջի մասին։
Երթի մասնակիցները, ջահերից բացի, իրենց հետ կրել են նաև ցուցանակներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով։
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրության խորհրդանիշներից մեկն է։