Եվրոպական խորհրդարանի և մի շարք եվրոպական երկրների ազգային խորհրդարանների պատգամավորներ քննադատել են Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ապրիլի 25-ին նախատեսված այցը Ադրբեջան։ Նրանք իրենց մտահոգությունը հայտնել են X սոցիալական հարթակում հրապարակած գրառումներով։
Եվրախորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Լուկաս Ֆորլասն իր միկրոբլոգում գրել է․ «Կայա Կալասի` ապրիլի 25-ի Ադրբեջան կատարելիք այցը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի շարունակական անդրսահմանային բռնության, հայ խաղաղ քաղաքացիների անօրինական կալանավորման և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ ուղղված բացահայտ սպառնալիքների ֆոնին», հայտնում է Արմենպրեսը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն ընդգծել է՝ սկանդալային է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյան նման այց է կատարում, հատկապես, երբ բազմաթիվ հայեր դեռ պահվում են Բաքվի բանտերում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսեսկ Մարկ Ալվարոն իր գրառման մեջ ընդգծել է, որ Կայա Կալասի այցը Բաքու ապրիլի 25-ին խորը մտահոգություն է առաջացրել։
«Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատ է, և այս այցը կարող է վնասել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին՝ առանցքային գործընկերոջ, որն ամուր նվիրվածություն ունի խաղաղությանը»,–գրել է նա։
Իսպանացի մեկ այլ պատգամավոր՝ Ջոն Ինյարիտուն, հավելել է․ «Մինչ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, Կայա Կալասը պաշտոնական այցով մեկնում է Բաքու։ Կովկասի մյուս երկրները նպաստում են ժողովրդավարությանը և խաղաղությանը, սակայն ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս ավտորիտար և ագրեսիվ բռնապետությանը»։
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Միքայել Ռոթը իր գրառման մեջ ուղղակիորեն դիմել է Կալասին՝ հարց բարձրացնելով՝ «Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ՝ խուսափելով Երևանի ժողովրդավարությունից: Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը: Ինչպե՞ս է ռազմավարական մտածողության վիճակը Բրյուսելում»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 25-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում է մամուլի համար հայտարարություններ անել։