Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է վարչապետի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ Փաշինյանը դատապարտում է նաև Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ։
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով»,–ասել է նա։
Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։