ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումներն արդեն հանգեցրել են շոշափելի առաջընթացի։
Արարատ Միրզոյանն ու Թեոդորոս Ռուսոպուլոսը շեշտել են ժողովրդավարական սկզբունքների պահպանման կարևորությունը՝ մասնավորապես ժամանակակից գլոբալ մարտահրավերների ֆոնին։ Նախարար Միրզոյանը բարձր գնահատական է տվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և կառույցի այլ մարմինների՝ Հայաստանի վերաբերյալ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշմանը։
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է վերջին իրադարձությունները, որոնք առնչվում են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Նա նշել է, որ երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է նշանակալից քայլ դառնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսանկյունից։