Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի առթիվ իր տեսաուղերձոում մաղթել է հայերին հիշել անցյալը և նայել դեպի պայծառ ապագա։
Նա նշել է, որ Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին դեռևս 2010 թվականին, հայտնում է Արմենպրեսը։
«Բարև Հայաստան, ողջույններ Շվեդիայից։ Ես Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնն եմ։ Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարելիցի օրն է։ Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին դեռևս 2010 թվականին, և Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ միասին այժմ ամեն տարի անցկացնում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն։ Այս տարի արարողությանը կայցելի «Հայաստանի երազանքը, հայերը և շվեդները հազար տարիների ընթացքում» գրքի հեղինակ տիկին Անն Գրյոնհամարը: Ես դեռ չեմ կարդացել այդ գիրքը, բայց անհամբեր սպասում եմ, որ կարդամ այն:
Այս շաբաթ Ստոկհոլմում անցկացվում է հայ-շվեդական բիզնես սեմինար, որտեղ մենք կքննարկենք շվեդական ներդրումները Հայաստանում և առևտուրը մեր երկու երկրների միջև: Վստահ եմ, որ դա ձեռնտու կլինի երկու երկրներին և մեզ կդարձնի ավելի հարուստ և ուժեղ։ Նաև հուսով եմ, որ դա կօգնի նաև ավելի ամուր կապեր կառուցել Հայաստանի և Շվեդիայի, ինչպես նաև մնացած Եվրոպայի միջև:
Իմ հայ բարեկամներ, քրիստոնյա եղբայրներ և քույրեր, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր ձեր ընտանիքների և սիրելիների հետ միասին: Հիշե՛ք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա: Աստված օրհնի»,-իր տեսաուղերձում նշել է Էրիկ Հելսբորնը։