ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը, սակայն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում։
«Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։
Թե բա « սադրանք է հարևան երկրի դրոշ այրելը»։
Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ, բայց ապրիլի 24-ին կարևորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։
Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանվել է, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչո՞ւ չես խոսում։ Որովհետև Ալիևը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»,-գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։
Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։