Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի հիշատակման արարողությունն իր մեջ հզոր ուղերձ է կրում։ Դեսպանը նաև հպարտ է, որ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում է։
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ պետք է ուշադիր լինել պատմության դասերի նկատմամբ և հարգել բոլոր զոհերի հիշատակը։ Կարծում եմ, որ հիշատակի միջոցառումն անհավանականորեն ազդեցիկ է»,-նշել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է նաև, որ 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունն, իր պարզության հետ մեկտեղ, հզոր խորհուրդ է փոխանցում։
«Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։
Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ընդունել է 2002 թվականի հունիսի 13-ին։