Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինյարիտուն համոզված է՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։
Ինյարիտուն բարձր է գնահատել միջազգային հանրության քայլերն ու առաջընթացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում՝ նշելով, որ վերջին տասնամյակներում արձանագրվել է զգալի զարգացում, հայտնում է Արմենպրեսը։
«Դա դանդաղ գործընթաց էր, բայց վճռական, կարևոր քայլ դեպի պատմական ճշմարտություն՝ շատ երկար լռությունից հետո: Չմոռանանք, որ հենց այս վայրագությանն ի պատասխան էր, որ «ցեղասպանություն» տերմինը ստեղծեց Ռաֆայել Լեմկինը՝ անուն տալով այդ վայրագությանը: Մարդկությունն այսկերպ իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ: Այնուամենայնիվ, երկու հարց շարունակում է մնալ խորապես մտահոգիչ. ավելի քան մեկ դար անց, մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները և էթնիկ զտումները շարունակվում են աշխարհի տարբեր մասերում, որոնք հաճախ կատարվում են միջազգային հանրության աչքի առաջ, որը շատ հաճախ պասիվ է մնում»,-նշել է Ինյարիտուն:
Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված ու իրենց հայրենիքը լքած հայերի իրավիճակը։ Ինյարիտուն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շարունակում է ենթարկվել հալածանքների և հարկադրական տեղահանումների իր պատմական տարածքներում։
«Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,-շեշտել է Ջոն Ինյարիտուն: