24 ապրիլի 2025 - 16:27 AMT
Էրդողան․ Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին ու հայ համայնքին՝ նշելով, որ Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը»:

Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի՝ նա նշել է, որ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան», գրում է «Ազատությունը»։

«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»,–ասվում է Էրդողանի ուղերձում։

Թուրքիան տասնամյակներ շարունակ վարում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն՝ խոսելով «ընդհանուր ցավի» մասին և պատասխանատվություն չստանձնելով կատարվածի համար։