24 ապրիլի 2025 - 18:13 AMT
Բեյրութում անցկացվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Լիբանանում գործող երեք հայկական կուսակցությունները Բեյրութի Նահատակաց հրապարակում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Այդ մասին հայտնել է լիբանանյան An Nahar լրատվականը, գրում է Արմենպրեսը։

Լիբանանի հայ համայնքը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։

«Մենք՝ ցեղասպանությունը վերապրածների որդիներս ու թոռներս, եկել ենք այսօր ևս մեկ անգամ ոգեկոչելու մեր նահատակների հավերժ հիշատակը և դատապարտելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեր ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված ոճրագործությունը:

Մենք լիովին համոզված ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և դրա անպատժելիությունը պատճառ են դարձել հետագա բռնությունների, ջարդերի և մարդկության դեմ հանցագործությունների, որոնք մեր ժողովրդի դեմ շարունակվում են մինչ օրս։ Դրանցից վերջինն ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղ-Արցախից հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանումն էր։

Մենք ձգտում ենք հասնել մարդասիրական հիմնական նպատակին, այն է՝ կանխել նման հանցագործությունների և ողբերգությունների կրկնությունն աշխարհի ցանկացած կետում։ Մենք վերստին հաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարը հանուն ճշմարտության և արդարության», - նշված է հայտարարության մեջ։

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա նշել է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։