Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիա» ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ, հայտնում է 1lurer.am-ը։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ կազմակերպությունը, սկսած 2005 թվականից, ամեն տարվա ապրիլի 24-ին, հանդես է եկել ժխտողականությանը վերջ դնելու, իսկ մեղավորությունը՝ բոլոր իրավական հետևանքներով ընդունելու կոչով։
Միևնույն ժամանակ ասոցիացիան դատապարտել է այն, որ Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Թալեաթի և Ջեմալի հերոսացումը։ Կազմակերպության համոզմամբ, նման վերաբերմունքը խթանում և տարածում է ռասիստական գաղափարախոսությունները։
Ասոցիացիան նաև վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան շարունակի ժխտել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, երկրում արյունահեղությունների շարունակականություն կլինի։