24 ապրիլի 2025 - 18:36 AMT
The Telegraph․ Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից

Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-ամյակի օրը հրապարակել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը, որտեղ հեղինակը զուգահեռներ է անցկացրել 20-րդ դարում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության և 21-րդ դարում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման միջև։ Ալթոնը ԼՂ հայ բնակչության դեմ գործողությունները որակել է որպես «պատմական շարունակվող ոճրագործություններ»։

Ըստ Ալթոնի՝ «այսօր նույն հայերի սերունդները կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից», , գրում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է, որ «1915 թվականին հայ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանը ընդամենը տասնվեց փրկվածներից մեկն էր այն 250 մտավորականներից, ովքեր ձերբակալվել և արտաքսվել էին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրա սարսափելի փախուստը մահվան երթերից դեպի Սիրիայի անապատ նկարագրված է «Հայ Գողգոթան» գրքում՝ վկայություն, որը մերժում է պատմության մոռացությունը և զգուշացնում դրա մահաբեր հետևանքների մասին»։

Ալթոնը շեշտել է, որ այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը՝ Ապրիլի 24-ին աշխարհով մեկ սփռված հայերը հիշել են այս ողբերգությունը։ Նա ընդգծել է, որ 2015 թվականին Հայ Առաքելական Եկեղեցին զոհերին սրբադասել է՝ նրանց ճանաչելով սրբեր։ Հեղինակի համոզմամբ՝ այս օրը ոչ միայն հիշատակի պահ է, այլ նաև՝ խիզախորեն ներկային դիմագրավելու կոչ։ Նրա պնդմամբ՝ պատմական ու ընթացիկ հանցագործությունների միջև կապը մեզ պարտավորեցնում է խոսել հստակ ու առանց վերապահումների։

Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Ադրբեջանն ավարտին հասցրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը՝ հարկադրելով 120,000 էթնիկ հայերին հեռանալ իրենց պատմական հայրենիքից»։ Նա քննադատել է այն փաստը, որ, չնայած մարդու իրավունքների մասնագետների և միջազգային կազմակերպությունների անհապաղ նախազգուշացումներին, համաշխարհային առաջնորդները կրկին անտարբեր են մնացել։

Լորդ Ալթոնը գրել է, որ անձամբ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ պատմական այն գոտի, որտեղ հայերի ներկայությունը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով։ Նա նշել է, որ այդ տարածքը մոտ 10 ամիս եղել է շրջափակման մեջ՝ զրկված կենսական մատակարարումներից։ Նա ընդգծել է, որ այդ ամենն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերյան ռազմական հարձակմամբ ու զանգվածային արտագաղթով՝ անցյալի ոճրագործություններին սահմռկեցուցիչ նմանությամբ։

Նրա խոսքերով՝ սա տեսական հարց չէ։ Նա նշել է, որ «Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի (բ) կետով սահմանված իրավական սահմանմանը»։ Ալթոնը հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանը, Genocide Watch-ը և Լեմկին ինստիտուտը նույն տեսակետն ունեն։

Հեղինակը դժգոհել է՝ «Ուրեմն ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս հրաժարվում իրերն անվանել իրենց անուններով»։ Նա փաստել է, որ Ադրբեջանի հարձակումը չի սահմանափակվել միայն բռնի տեղահանությամբ։ Մասնավորապես մատնանշել է 23 հայերի պահումը Բաքվում՝ կեղծ ահաբեկչական մեղադրանքներով, որոնցից մեկը առևանգվել է անգամ Կարմիր Խաչի ավտոշարասյունից։ Այդ անձանց հանդեպ, ըստ հոդվածագրի, կիրառվել են մեկուսացում, բուժօգնությունից զրկում և հարկադրական խոստովանություններ, որոնք փաստագրվել են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Ալթոնը նաև մատնանշել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը երկրից արտաքսել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ այն կազմակերպությանը, որն ուներ մուտք դեպի գերիներ։ Միաժամանակ հեռացվել են BBC-ի ադրբեջանական ծառայությունը և այլ վստահելի լրատվամիջոցներ։ Ալթոնի գնահատմամբ՝ սա դիտավորյալ քայլ է եղել՝ դադարեցնելու մարդասիրական վերահսկողությունն ու քողարկելու մարդու իրավունքների խախտումները։

Նա նաև հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայերի ձայնը լռեցվում է։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղվել է հայկական պատմության խեղաթյուրումով՝ ոչնչացնելով եկեղեցիներ, գերեզմանոցներ, ժխտելով Հայոց ցեղասպանությունը և սերմանելով ատելություն դպրոցական ծրագրերում։

Ալթոնը նշել է. «Եկեք հստակ լինենք. սա «հակամարտություն» չէ։ Սա պետության կողմից հովանավորվող ապամարդկայնացման և վերացման արշավի գագաթնակետն է։ Ինչպես նախկին ցեղասպանությունների դեպքում՝ Ռուանդայից մինչև Բոսնիա, նախազգուշացնող նշանները ակնհայտ էին, սակայն աշխարհը գրեթե ոչինչ չարեց միջամտելու համար»։

Նա ընդգծել է, որ եթե հիմա գործելու ժամանակը չէ, ապա ե՞րբ կլինի։ Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունը Ցեղասպանության կոնվենցիայի անդամ է, և այս փաստը պարտավորեցնում է կանխել ու պատժել։ Նա քննադատել է Բրիտանիայի կառավարությանը՝ «չանվանելով էթնիկ զտումը իր անունով», «պատժամիջոցներ չկիրառելու համար» և «կեղծ հավասարության լեզվով խոսելու» պատճառով։

Հոդվածում Ալթոնը հիշեցրել է, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն է տալիս հետապնդել պատասխանատուներին միջազգային մակարդակով։ Նա նաև շեշտել է. «Այժմ հնարավոր է դարձել ձերբակալության օրդերների արձակումը ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն արդարադատությունը պետք է լինի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ»։

Հեղինակը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ պահանջել 23 հայ կալանավորների ազատ արձակումը, միջազգային դիտորդների վերադարձը Ադրբեջան և բռնի տեղահանվածների վերադարձի երաշխավորումը։ Ըստ նրա՝ առանց այս քայլերի իրավունքի գերակայությունը դառնում է դատարկ բառ։

Նա հավելել է, որ գերիների ազատ արձակումը ոչ միայն արդարության հարց է, այլև՝ խաղաղության հիմք։ Նրա կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան հնարավոր որևէ համաձայնություն չի կարող լինել կենսունակ, քանի դեռ Բաքվում անմեղ անձինք պահվում են։ Նրանց ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես բարի կամքի նշան և հաշտեցման կարեւոր պայման։

Ալթոնը եզրափակել է՝ հիշեցնելով իր ելույթը մեկ տարի առաջ Լոնդոնի Հայ Առաքելական Եկեղեցում՝ նվիրված արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հիշատակին։ Այնտեղ նա հարց է բարձրացրել՝ արդյո՞ք միջազգային իրավունքը դեռ կարևորություն ունի։ Եվ պատասխանել է՝ եթե պատրաստ ենք այն կիրառել, ապա պատասխանը պիտի լինի «այո»։ Նա նշել է, որ ձախողումն այս հարցում կնշանակի, որ իրավունքը որոշվում է ուժով։ Այդ ձախողումը, ըստ նրա, խրախուսելու է բռնապետերին, լռեցնելու վերապրածներին և «այլևս երբեք»-ը վերածելու է անիմաստ արտահայտության։

Եզրափակելով հոդվածը՝ Ալթոնը հիշեցրել է Հիտլերի խոսքերը՝ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»՝ նշելով, որ ժամանակն է՝ մենք հիշենք։