Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում շեշտադրել է ազգային համախմբման, Հայաստան-Սփյուռք գործակցության և պահանջատիրության առաջնայնությունը։
Նա զգուշացրել է. «Զիջողական քաղաքականության, նաև չափազանցեցված զգուշավորությունը միախառնելով, պարզապես մեր իրավունքները կկորցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան ասաց՝ մեր հայրենիքի անկախությունից հայեցի ապրելու, գոյատևելու մեր իրավունքից ոչ ոք չի կարող շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ, նույնը ասի», հայտնում է Panorama.am-ը։
Կաթողիկոսը շեշտել է, որ Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունը պարտադիր հիմք է մեր պահանջատիրական պայքարի համար։ Սակայն ափսոսանքով է արձանագրել, որ դեռևս չի ձևավորվել համահայկական ռազմավարություն, որը կկարողանար միավորել հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի և Սփյուռքի դիրքորոշումները։
Նա ընդգծել է, որ «կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել, կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի դերակատարության միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը Սփյուռքից և Սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել՝ մեր ազգի ներուժի ամբողջական ու ճիշտ օգտագործումով»։
Նա զգուշացրել է, որ եթե նշված հնարավորություններից ու հրամայականներից խուսափենք, «Հայաստանը կարող է առաջնորդվել դեպի վտանգալից հորիզոններ, ու մեր ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախանշանները սկսել են երևալ»։
Արամ Ա-ն նաև կարևորել է քաղաքական և իրավական տարածքներն՝ ասելով. «Քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմիական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ է, որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ»։
Նրա խոսքով՝ թեև տեսականորեն քաղաքականությունն ու իրավունքը տարբեր ոլորտներ են, բայց ներկայումս դրանք սերտորեն փոխկապակցված են ու պայմանավորում են միմյանց, հատկապես այն միջավայրում, որտեղ «դժբախտաբար բացակա է իրավունքն ու արդարությունը»։
Կաթողիկոսը շարունակել է՝ հորդորելով իրատեսական մոտեցում ունենալ, զգոն մնալ և աշխատանքը կազմակերպել՝ հաշվի առնելով աշխարհի մշտապես փոփոխվող պայմանները։
Արամ Ա-ն նաև ընդգծել է, որ «հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է։ Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայում բարեկամը շահն է։ Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է։ Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ»։
Նա մտահոգություն է հայտնել, որ սկսվել է բաժանում՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ ներսփյուռքյան, թե՛ քաղաքական ու համայնքային մակարդակներում։ Այս տրոհումը, ըստ կաթողիկոսի, թուլացրել է մեր հավաքական հավատքն ու քայքայել է մեր միասնական վճռականությունը։
Ուղերձի վերջում նա ընդգծել է. «Մենք, որպես Հայաստան, Սփյուռք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք։ Հետևաբար արթնանանք այլևս, համախմբվենք ու համախմբենք մեր ազգի ներուժը՝ ի խնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքների հետապնդման»։
Արամ Ա-ն եզրափակել է՝ դիմելով ամբողջ հայությանը. «Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սփյուռս աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք։ Այս է պադգամը մեր սրբացյալ նահատակների։ Եկեք լսենք պատգամը մեր սրբացյալ նահատակների, և այդ պատկանին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջատիրական պայքարը այժմ և միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն»։