25 ապրիլի 2025 - 10:49 AMT
Քոչարյան․ Դրոշ այրելը դատապարտողներն իրենք են փորձել նույնը անել 2015-ին ՌԴ դրոշի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ անկախության հռչակագրից հրաժարումն ու Ցեղասպանության մերժումը կարող են այնպիսի կետի հասցնել, որ այդ մերժողները մոռացության մատնվեն հայ ժողովրդի կողմից։ Այդ միտքը նա արտահայտել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը սադրիչ արարք է, Քոչարյանը հիշեցրել է, որ 2015 թվականին Ռուսաստանի դեսպանատան դիմաց ռուսական դրոշը այրելու ու ոտնատակ տալու նախաձեռնողները հենց այն անձինք են եղել, ովքեր այսօր զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ՝ Արտաքին գործերի նախարար, վարչապետի օգնականներ, նախկին մամուլի քարտուղարներ և այլք, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եթե դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում ՌԴ–ի և Թուրքիայի նկատմամբ կրկնակի ստանդարտներ կիրառելու իմաստով։ Ուղղակի ամոթ է։ Այդ թեմայի շուրջ գոնե իրենք իրավունք չունեն խոսելու»,– պատասխանել է Քոչարյանը։

«Կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ, և այս իշխանությունն այդ պարտությունն անընդհատ, շարունակաբար մի պրոցեսի է վերածել։ 4 տարի շարունակ մենք գտնվում ենք նույն շրջանի մեջ` ինչ–որ բան տալ, զիջել, ինչ–որ բանից հրաժարվել։ Դա ուղղակի շատ ծանր ու մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ»,– նշել է Քոչարյանը։

Լրագրողները խնդրել են մեկնաբանել ՔՊ պատգամավորի Արթուր Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ, որտեղ վերջինս ճեպազրույցի ժամանակ նշել էր. «Մոտիկ չգաք ցեղասպանությանը, չփորձեք դիվիդենտներ շահել, մեր արձագանքը շատ խիստ է լինելու։ Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, այլևս քննարկման և սակարկման թեմա չէ»։

«Լո՞ւրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանեմ»,– արձագանքել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ հենց իր նախագահության օրոք է Հայոց ցեղասպանության հարցը տեղ գտել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և մի շարք երկրներ Ցեղասպանությունը ճանաչել են հենց այդ ժամանակ։

«Ներկա իշխանություններն այն մարդիկ են, որոնք մատը մատին չեն տվել այս հարցի համար, հիմար–հիմար դուրս են տալիս, ու ես պատրաստ չեմ մեկնաբանելու»,– ընդգծել է Քոչարյանը։

Երբ լրագրողները նշել են, որ վարչապետը կապել է Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցները դրոշների այրման հետ, Քոչարյանը արձագանքել է՝ նշելով, որ պետք չէ աբսուրդի դաշտ մտնել։

«Մեկ ամիս պատրաստվում են, հա՞, որ դրոշները պետք է այրվեն, ու մեկ ամիս է` նախապատրաստական կրակոցներ էին, հա՞։ Աբսուրդների դաշտ չմտնենք էլի»,– ասել է նա։

Նա հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերին՝ ընդգծելով, որ հնարավոր է առաջիկայում կրկին հանդիպի լրագրողներին և, ըստ ամենայնի, կազմակերպի նոր ասուլիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։

Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։