ՌԻԱ «Ռոսիա Սեգոդնյա»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում պատմել է իր երկու նախատատերի պատմությունը, որոնք կարողացել են փրկվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին։
«Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»,–գրել է նա։
Նա նաև նրանցից մեկի լուսանկարն է հրապարակել։
«Քանի մարդ կա աշխարհում, այնքան էլ հիմարների տեսակներ կան, -ասում էր իմ նենեգան՝ Նարդուհի Ներսեսյանը։ Նա գրել–կարդալ չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, Աստվածավախ լինել և մարդկանցից չվախենալ։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքում յաթաղան կա»,–գրել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ 1915 թվականին Նարդուհի Ներսեսյանն ականատես է եղել, թե ինչպես են յաթաղաններով գլխատել իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին։ Ավագ քույրը, որը արդեն ամուսնացած էր, խուսափել է բռնաբարությունից՝ նետվելով Տրապիզոնի բարձր ժայռից ու խեղդվելով։ Միայն Նարդուհին ու նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, են ողջ մնացել։ Վերջինիս անունով հետագայում անվանակոչվել է Մարգարիտա Սիմոնյանի կրտսեր քույրը։ Նրանց հայրը մահից առաջ հասցրել է աղջիկներին մեկական ոսկե դրամ փոխանցել, որը նրան Նարդուհին էր փոխանցել՝ թաքցնելով այտի ետևում։
«Նրանց երկուսին էլ՝ սպիտակամաշկ, կապույտ աչքերով, տարել են թուրքական ընտանիքներ․ գեղեցիկ աղջիկներին կենդանի էին թողնում, որպեսզի հետագայում ամուսնացնեն՝ արյունը նոսրացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչև որ իմ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել են փախչել Ղրիմ»,–գրել է նա։
Այսպես է Սիմոնյանի հայրական ճյուղը հաստատվել Ղրիմում։ Իսկ թե ինչ է պատահել Ալիսայի հետ՝ ընտանիքում հայտնի չէ։
Մարգարիտա Սիմոնյանի մյուս նախատատիկը ցեղասպանության ժամանակ եղել է մոտ հինգ տարեկան։ Երբ տուն են ներխուժել յաթաղաններով մարդիկ, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ ու հենել պատին։ Նա երկար ժամանակ կանգնած է եղել՝ լսելով, թե ինչպես են սպանել իր ընտանիքի անդամներին։ Իսկ երբ «յաթաղանները հեռացել են», թուրք հարևաններն են նրան հանել։
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայված վարագույրները, քո սխալ ռուսերենը և այն ամենը, ինչ դու ինձ պատմել ես։ Եվ ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ»,–նշել է Սիմոնյանը։