ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն արտահայտել է իր դժգոհությունը Ռուսաստանի կողմից վերջին ինը ամիսների ընթացքում Կիևի վրա ամենամահացու հարձակման կապակցությամբ՝ կոչ անելով նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել։
Truth Social-ում Թրամփը գրել է. «Ես դժգոհ եմ Կիևի վրա ռուսական հարվածներից: Ստոպ, Վլադիմիր։ Շաբաթական 5000 զինվոր է մահանում: Եկեք ավարտենք խաղաղության համաձայնագիրը»:
Թրամփը ընդգծել է, որ խաղաղության բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Ռուսաստանը զգալի զիջումներ է արել, ներառյալ Ուկրաինա ներխուժումը դադարեցնելու պատրաստակամությունը:, հայտնում է CNN-ը։
«Հաջորդ մի քանի օրերը շատ կարևոր են լինելու: Հանդիպումներ են տեղի ունենում հենց հիմա: Կարծում եմ՝ մենք համաձայնության կգանք... Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք»,-նշել է նա:
Չնայած վերջին հարձակումների նկատմամբ իր քննադատությանը՝ Թրամփը նշել է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան զգալի ճնշման տակ են ԱՄՆ-ի կողմից՝ համաձայնության հասնելու համար:
Ռուսաստանի վերջին հարձակումը ներառում էր Ուկրաինայի վրա ուղղված 70 հրթիռ և 145 անօդաչու թռչող սարք, հիմնականում կենտրոնանալով Կիևի վրա: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ առնվազն 12 մարդ է զոհվել, 90-ը՝ վիրավորվել, և փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ որոշ մարդիկ դեռևս գտնվում են փլատակների տակ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հարավային Աֆրիկա կատարած այցի ընթացքում, հայտարարել է, որ ռմբակոծությունը նպատակ ուներ ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ ազդելու Ուկրաինայի դիրքորոշման վրա բանակցություններում:
«Այն փաստը, որ Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ամբողջական հրադադարի պայմաններում ահաբեկիչների հետ... մեծ զիջում է», - ասել է Զելենսկին լրագրողներին՝ հակադարձելով Թրամփի ջանքերին՝ արագացնել խաղաղության համաձայնագիրը, որը կարող է պահանջել Ուկրաինայից զգալի զիջումներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, լրագրողների հետ զրույցում՝ Թրամփի սոցիալական ցանցերում արված հայտարարություններից անմիջապես առաջ, ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման անհավասարությունները Կիևի և Մոսկվայի նկատմամբ։
«Սա մեր գոյատևման հարցն է։ Մենք այս հարցում շատ ուղղակի և թափանցիկ ենք: Ես այս պահին չեմ տեսնում Ռուսաստանի նկատմամբ ուժեղ ճնշում և նոր ուժեղ պատժամիջոցների փաթեթներ ռուսական ագրեսիայի դեմ»,-ասել է նա։
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա խոր ատելությունը, սակայն նշել է. «Ես կարծում եմ, որ նրանք երկուսն էլ ցանկանում են խաղաղություն, ես իսկապես հավատում եմ դրան»։
«Մենք մտածում ենք, որ նրանք երկուսն էլ ցանկանում են խաղաղություն, բայց նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ – մենք երկար ժամանակ սպասում ենք, նրանք պետք է նստեն սեղանի շուրջ, և ես կարծում եմ, որ մենք խաղաղություն կունենանք», - ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով CNN-ի հարցին՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեի հետ ճաշի ընթացքում։
Զելենսկին Մոսկվայի վերջին հարձակումը բնութագրել է որպես «Ռուսաստանի կողմից իրականացված ամենաբարդ և ամենահամարձակ հարձակումներից մեկը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրականացրել է «մեծածավալ հարված՝ բարձր ճշգրտության հեռահար օդային, ցամաքային և ծովային զենքերով, անօդաչու թռչող սարքերով Ուկրաինայի ավիացիոն, հրթիռային և տիեզերական, մեքենաշինական և զրահապատ արդյունաբերական ձեռնարկությունների, հրթիռային վառելիքի և վառոդի արտադրության վրա»։
«Հարվածի նպատակները ձեռք են բերվել։ Բոլոր թիրախները խոցվել են», - հայտարարել է Մոսկվան։
Ուկրաինայի տեղական և ազգային իշխանությունները հայտնել են, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակների տակ մնացած մարդկանց հայտնաբերելու համար։
Զելենսկին սոցիալական ցանցերում նշել է, որ նախնական տվյալներով՝ ռուսական ուժերի կողմից օգտագործված հրթիռը արտադրվել է Հյուսիսային Կորեայում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ներկայումս ստուգում են այս մանրամասները։
«Եթե դա հաստատվի, «դա կլինի Ռուսաստանի և Փհենյանի միջև քրեական դաշինքի ևս մեկ ապացույց», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Կիևի վրա հարձակումներից հետո Զելենսկին հայտարարել է, որ կրճատում է իր այցը Հարավային Աֆրիկա, որտեղ նա ժամանել էր չորեքշաբթի ուշ երեկոյան, և վերադառնում է Ուկրաինա։
«Շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհը տեսնի և հասկանա, թե ինչ է իրականում տեղի ունենում», - ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան անմիջապես կկապվի իր միջազգային գործընկերների հետ՝ օդային պաշտպանության ուժեղացման հարցով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ կոչ անելով նախագահ Վլադիմիր Պուտինին «դադարեցնել ստելը»։
«Նա ասում է՝ «Ես խաղաղություն եմ ուզում», և միաժամանակ շարունակում է ռմբակոծել և սպանել Ուկրաինայում», – Մակրոնը ասել է լրագրողներին Մադագասկարում ունեցած այցի ընթացքում։
Ֆրանսիացի առաջնորդը կարևորել է ԱՄՆ-ին հիշեցնել, որ կա «մի ագրեսոր՝ Ռուսաստան և մի ագրեսիայի ենթարկված՝ Ուկրաինա», ընդգծելով, որ «Ամերիկայի բարկությունը պետք է ուղղված լինի մեկ անձի՝ նախագահ Պուտինի վրա»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Ben Shapiro Show հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Ուկրաինայի կարևոր ռազմավարական գործընկերը, հատկապես՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում։
«Մենք ԱՄՆ-ն համարում ենք ազդեցիկ ուժ ունեցող ուժեղ ռազմավարական գործընկեր, և մենք շատ կցանկանայինք խաղաղության հասնել ուժի միջոցով։ Դա օգտակար կլիներ Ռուսաստանի դեմ։ Որպեսզի ուժը ուղղված լինի Ռուսաստանի վրա, որովհետև նա է ագրեսորը»։, — ասել է նա, հայտնում է Unian-ը։
Զելենսկին հավելել է, որ հարգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղություն հաստատելու ձգտումը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ուկրաինան պատասխանատվություն չի կրում պատերազմ սկսելու համար։ Նախագահը նշել է, որ ուկրաինացիների համար չափազանց ցավալի է լսել մեղադրանքներ, թե պատերազմը սկսել է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։
«Ես շատ եմ հարգում այն փաստը, որ նա խաղաղություն է որոնում։ Դա նրա մոտեցումն է։ Բայց դուք չպետք է ասեք, թե Ուկրաինան է սկսել այս պատերազմը։ Ես կարծում եմ՝ մեր ժողովրդին ցավ է պատճառում դա լսելը։ Ահա թե ինչու ենք այդպես արձագանքել»,– պատասխանել է Զելենսկին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտվել է ուկրաինական հակամարտության մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ ԱՄՆ-ն «շատ ճնշում» է գործադրում Ռուսաստանի վրա։ Նա նաև կարևոր առաջընթաց է նկատել պատերազմի դադարեցման հարցում։
Բացի այդ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կդադարեցնի հարվածներն Ուկրաինայի վրա։ Այս հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորէի հետ հանդիպման ժամանակ։