Մոլդովայի խորհրդարանում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացվել, հայտնում է մոլդովական Point պարբերականը։
Օրինագիծը նախաձեռնել է հայազգի պատգամավոր Հայկ Վարդանյանը։
«110 տարի առաջ՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան 1․5 միլիոն հայ։ Պատմաբաններն ու փորձագետները բնութագրել են այս իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն, և բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են դրանք որպես այդպիսին», ասվում է հիմնավորման մեջ, հայտնում է Point-ը։
Նշվել է, որ Մոլդովայի հայ համայնքն ամեն տարի նշում է այդ տարելիցը, որ նմանատիպ նախաձեռնություններ արդեն ընդունվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում։
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Հայկ Վարդանյանը նշել է, որ «այս նախագիծը քաղաքական չէ, այլ ավելի շուտ նպաստում է նրան, որ Մոլդովան համալրի այն երկրների շարքը, որոնք գնահատում են մարդկային արժանապատվությունը, ազգամիջյան հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, մարդու իրավունքները և պատմական արդարությունը»։
Նա նաև նշել է, որ «ներկայիս խորհրդարանը, որի մանդատը լրանում է մի քանի ամսից, կարող է դրական նոտայով ավարտել իր աշխատանքը՝ քվեարկելով նման վեհ և կարևոր նախագծի օգտին, հատկապես Եվրամիության թեկնածու երկրի համար»։
Փաստաբան Մարիանա Բարաշյանցն անդրադարձել է հարցի իրավական կողմին և ներկայացրել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ասպեկտներն ու օրինակները։