Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ անդրադարձ է կատարել 1915թ․ ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ողբերգությանը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր միկրոբլոգում գրել է. «1915թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»։
Նա նաև տեղադրել է տեսաուղերձ՝ նվիրված ցեղասպանության տարելիցին, հայտնում է Aravot.am-ը։
«Մենք միանում ենք հայկական համայնքներին երկրում և ամբողջ աշխարհում՝ հիշելու և հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով ու կորստի ողբերգությամբ: Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ժոլին։
Նա նշել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակի նշման համատեքստում, որն հիմք է հանդիսացել ԵԱՀԿ ստեղծման համար, անհրաժեշտ է շարունակել պայքարը՝ ուղղված ատելության, ժխտողականության և ծայրահեղականության դեմ՝ միաժամանակ պահպանելով Կանադայի հիմնարար արժեքները թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակում։
Ժոլին իր գրառումն ավարտել է հայերեն արտահայտությամբ՝ «Հիշում ենք և պահանջում»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։