25 ապրիլի 2025 - 13:14 AMT
Աբրահամյան․ Ադրբեջանի գործողությունները սահմանամերձ գոտում գնալով առավել թիրախային են դառնում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ սահմանային գոտիներում Ադրբեջանի գործողությունները հատկապես Խնածախի և Խոզնավարի հատվածներում, վերջին շրջանում գնալով առավել թիրախային են դառնում։

«Մարդկանց հետ զրույցներն ու ՊՆ` որոշակի պարբերականությամբ ներկայացվող հաղորդագրությունները, ցույց են տալիս, որ ի տարբերություն խախտումների առաջին փուլին, ադրբեջանական կրակահերթերն ունեն նպատակաուղղված բնույթ և կոնկրետ թիրախավորում:

Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ են արձանագրում:

Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում` տեղեկատվական, դիվանագիտական դաշտում և կոնկրետ «հողի վրա», ինչն առաջին հերթին իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես, որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում»,–գրել է նա։

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։