25 ապրիլի 2025 - 13:33 AMT
Կանադայի վարչապետ․ Միանում եմ հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ապրիլի 24–ի ուղերձումնշելէ, որ միանում է տասնյակ հազարավոր «կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»։ Նրա ուղերձը տարածել է Ազատական կուսակցությունը, հայտնում է ՀՀ–ում Կանադայի դեսպանատունը։

Նա նշել է, որ 1.5 միլիոն հայ է զոհվել այն վայրագությունների արդյունքում, որոնք նպատակային կերպով պլանավորվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։

«Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,-նշել է Կանադայի վարչապետը։

Նա հավելել է, որ չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից։

«Հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։

Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից», - ասվում է ուղերձում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. Reuters