ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ խուսափելով ցեղասպանություն եզրույթից և խոսելով Մեծ Եղեռնի մասին։
«Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը վերապրեց և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։
Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության աշխատելու հնարավորություն»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը։ Նախկին նախագահ Ջո Բայդենը 2021–ին իր ուզերձում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ իր պաշտոնավարման հաջորդ տարիներին ևս կիրառելով այդ եզրույթն ապրիլի 24–ի ուղերձներում։