25 ապրիլի 2025 - 14:11 AMT
Շահրամանյան․ Կառավարության հետ աշխատանքից է կախված արցախցիների հետագա ինտեգրումը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ Խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ արցախցիների խնդիրների վերաբերյալ առաջարկություն ունեն, որը շուտով կփոխանցեն Արցախի նախագահին, և նշել են, որ առաջիկայում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ, հայտնում է Aysor.am-ը։

Սամվել Շահրամանյանը վստահեցրել է, որ լիովին աջակցում է նախաձեռնությանը, պարբերաբար հանդիպումներ է ունեցել և մանրամասն ծանոթ է ընթացող աշխատանքներին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ կառավարության հետ աշխատանքից է կախված արցախցիների հետագա ինտեգրումը։

«Իմ կողմից լիակատար աջակցություն կա, անկախ նրանից՝ դուք ինչ որոշում կկայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ, նաև առիթ եմ ունեցել բնակարանային ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումն ասելու նախագծային փուլում, որ հենց սկզբից դա տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև լուրջ խնդիրներ ու հանգամանքներ կան, որոնք հաշվի չեն առնվել»,-ասել է Շահրամանյանը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են աջակցել գրասենյակային պայմաններում աշխատանքների կազմակերպմանը և տրամադրել ներկայացուցչության հնարավորություններ։

Արցախի նախագահը ընդգծել է, որ արցախցիների սպասելիքները խորհրդից շատ մեծ են, իսկ առաջնահերթ լուծում պահանջող հարցերը սոցիալական և հումանիտար բնույթի են։

«Տեղյակ եմ նաև, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել, ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից է կախված մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը»,-ասել է նա։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին ապրիլի 3–ին կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել են, որ վերադարձ «40+10» աջակցության ծրագրին չի նախատեսվում։ Քննարկումից հետո խորհրդի ներկայացուցիչները ընդգծել են, որ պայքարը շարունակելու են, քանի որ «40+10-ն այլընտրանք չունի»։