Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից, այլ պարզապես դադարեցրել է իր անդամակցությունը։
Նրա խոսքով, «զուտ աշխատանքային կապերը» կողմերի միջև պահպանվել են, և Երևանը տեղեկացվում է բոլոր հարցերի մասին, որոնք քննարկվում են քարտուղարությունում, գրում է «Կոմերսանտը»։
«Անկեղծ ասած, Հայաստանը դուրս չի եկել, պարզապես կասեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին», — նշել է Իմանգալի Տասմագամբետովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշմանը։ Նրա խոսքով, կազմակերպությունում հետագա մասնակցության հարցը գտնվում է հայկական քաղաքական ղեկավարության որոշման շրջանակում։
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրի անդամակցության դադարեցման մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպության անդամները չեն կատարել իրենց պարտավորությունները և չեն ճանաչել իրենց պատասխանատվության գոտին։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը: