Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել բռնի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ՝ շեշտելով անչափահասների ներգրավվածության խնդիրը։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։
«Մարմնական վնասվածքներով դրսևորվող ֆիզիկական բռնությունը շատ հաճախ վերբալ ագրեսիայի հետևանք է։ Եվ այդ վերբալ ագրեսիայի կանխարգելումը միայն իրավապահ մարմինների գործը չէ», – նշել է դատախազը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել այն դեպքերին, երբ անչափահասների մասնակցությամբ պարզ կենցաղային վեճերը վերածվել են դանակահարությունների կամ հանգեցրել են լուրջ մարմնական վնասվածքների։
«Մենք բազմաթիվ իրավիճակներ ենք ունենում, երբ անչափահասները, կենցաղային հարցի շուրջ միմյանց հետ վիճելիս, միմյանց դանակահարում են կամ ծանր վնասվածքներ են պատճառում, իսկ ծնողներն արդեն միմյանց հետ հաշիվներ են տեսնում», – ընդգծել է նա։
Դատախազի խոսքով՝ դատախազությունն համագործակցում է համայնքային ոստիկանության հետ՝ նման դեպքերի կանխարգելման, ինչպես նաև աշխատում է քրեական ոստիկանության հետ՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։