Ապրիլի 24–ին Փարիզում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողությանը մասնակցել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում՝ Սեն գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։
Միջոցառման մեկնարկին, որպես զոհերի հիշատակին տուրք մատուցելու խորհրդանշական գործողություն, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ են դրվել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի, նախկին վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից հանդես եկած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի կողմից։ Բացի այդ, ծաղկեպսակներ են զետեղել նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ ներկայացուցիչներ։
Այնուհետև ելույթներով հանդես են եկել ֆրանսահայ համայնքին ուղղված խոսքերով՝ CCAF-ի համանախագահները, Անն Իդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Միջոցառմանը մասնակցել են նաև բազմաթիվ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ կառավարության անդամներ, խորհրդարանականներ, սենատորներ, ռեգիոնների ու դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետներ և Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Արարողության ավարտից հետո իրականացվել է ավանդական երթը, որին միացել են մեծաթիվ ֆրանսահայեր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և ոգեկոչել զոհերի հիշատակը՝ X–ի միկրոբլոգում ֆրանսերեն և հայերեն հրապարակումներով։