Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ահազանգել է ֆիշինգի աճի մասին՝ մատնանշելո, որ կան բանկեր, որոնք չունեն բավարար անվտանգության համակարգեր։
Վարդապետյանը նշել է, որ արդեն դիմել են ՀՀ Կենտրոնական բանկ՝ առաջարկելով քննարկում կազմակերպել որոշ բանկերի հետ, որոնք չեն ապահովում պատշաճ մակարդակի անվտանգություն՝ օրինակ Բանկերի միության հարթակով, հայտնում է Sputnik Արմենիան։
«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմեր էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի», – նշել է Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ դատախազությունն առանձնացրել է այն բանկերը, որոնք առավել հաճախ են հայտնվում ֆիշինգի դեպքերում։ Նա ընդգծել է, որ այս խնդիրը կապված է նաև տվյալ բանկերի թույլ անվտանգության համակարգերի հետ։
Կենտրոնական բանկի հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքի միջոցով հնարավորինս արագ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Վարդապետյանը նաև նշել է մեկ այլ կարևոր խնդիր․ հաճախ քաղաքացիները ծանուցումներ են ստանում անգլերենով և չեն հասկանում, թե ինչ գործողություն է կատարվում իրենց հաշվի հետ, ինչը դժվարացնում է խարդախության կանխումը։
«Ունենք բանկեր, որոնք ցանկացած գործառնությունից առաջ քաղաքացուն հեռախոսով անհանգստացնում են, ասում են՝ «Դու՞ք եք ձեր բանկային հաշվից որևէ փոխանցում անում»։ Եվ դա լուրջ կանխարգելիչ նշանակություն է ունեցել», – ասել է դատախազը։
Նրա դիտարկմամբ՝ չնայած երբեմն քաղաքացիները սեփական կամքով են տրամադրում իրենց տվյալները խաբեբաներին՝ չկասկածելով, որ զանգը բանկից չէ, այդուհանդերձ գործարքները կատարվում են բանկերի միջոցով։ Ըստ նրա՝ եթե բանկն ապահովում է ավելի պաշտպանված մեխանիզմ, հնարավոր է լինում խարդախությունը կանխել։
«Կան բանկեր, որտեղ ֆիշինգի դեպքերն ավելի քիչ են, որովհետև ունեն աշխատակիցներ, որոնք զանգով են տեղեկացնում, ծանուցումները հայերենով են, ավելի խիստ համակարգեր ունեն։ Կարող է՝ մի քիչ ավելի շատ անհարմարություններ է պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է նման զեղծարարությունների զոհ չդառնալը։ Կան բանկեր, որոնք լոյալ են և որոշակի հետագիծ չեն ապահովում․ մենք այդ առումով ահազանգ ենք խփել, և ասել ենք՝ այստեղ աշխատանք պետք է արվի, փոխվի ձևաչափը», – նշել է նա։
Վերջին ամիսներին մի շարք քաղաքացիներ, ովքեր դարձել են ֆինանսական խարդախության զոհ, բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ կառավարության և տարբեր բանկերի կենտրոնական գրասենյակների առջև։ Նրանց անուններով ձևակերպվել են տարբեր չափերի կեղծ վարկեր, և տեղի է ունեցել գումարների հափշտակություն անձնական հաշիվներից։
Թեպետ քրեական վարույթներ արդեն նախաձեռնված են և պարզ է, որ քաղաքացիները չեն կատարել այդ գործողությունները, բանկերը, միևնույն է, շարունակում են պահանջել վարկերի մարում։ Իրավապաշտպանների խոսքով՝ արդեն արձանագրվել են դեպքեր, երբ բանկերը դիմել են քաղաքացիների շարժական և անշարժ գույքի բռնագանձման, իսկ որոշ տներ անգամ աճուրդի են հանվել։
Բողոքողները նաև դժգոհել են քննչական մարմինների աշխատանքից՝ նշելով, որ քայլերն իրականացվում են դանդաղ և անարդյունավետ կերպով։