Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանում նախատեսվում է «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք։
Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ոճով մշակութային միջոցառումներ՝ տեղական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ։
Քաղաքացու օրվան ընդառաջ հանրակրթական դպրոցների աշակերտները ներգրավված են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» թեմայով ուսումնական նախագծերում։ Դպրոցականները ուսումնասիրում են իրենց համայնքների հիմնախնդիրները և առաջարկում լուծումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու պետությունն ու համայնքները։ Ապրիլի 26-ին դպրոցները կներկայացնեն իրենց աշխատանքները ֆեյսբուքյան էջերում։
Մշակութային միջոցառումների նպատակը քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժեքավորման խթանումն է՝ ֆլեշմոբների, բացօթյա ցուցադրությունների, համերգների և ազգային նվագարանների օգնությամբ։
Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կձևավորվեն երկու խոշոր հարթակներ, որտեղ կանցկացվեն մշակութային ծրագրեր՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի, երգչախմբերի, ինչպես նաև արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային խմբերի ու հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ։
Կանցկացվեն նաև հանրային քննարկումներ, որոնց բանախոսները կլինեն պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի ոլորտներում հաջողություններ գրանցած, ինչպես նաև հասարակական ակտիվություն ցուցաբերած գործիչներ։ Նրանք կխոսեն պետության զարգացման գործում քաղաքացու դերի մասին և կպատասխանեն մասնակիցների հարցերին, հատկապես երիտասարդության արժեքային մոտեցումների շուրջ։
ՀՀ մարզերում և Երևանում բանախոսությունները կմեկնարկեն կամ ժամը 12:00-ին, կամ 15:00-ին, և դրանք կեզրափակվեն համառոտ մշակութային ծրագրերով՝ տեղական արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ։
Բացի այդ, երիտասարդների համար բանախոսություն-քննարկումներ կկազմակերպվեն պետական աջակցությամբ գործող «Իջևան լոֆթ», «Դուկո», «Մեղրի լոֆթ», «ԾոՎեմ» և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում։
Միջոցառումների այս ձևաչափով նպատակ է դրվել հանրության մեջ խորացնել «քաղաքացի» և «պետականություն» հասկացությունների կարևորությունը՝ ձևավորելով պատասխանատու և նվիրված քաղաքացիների սերունդ։