25 ապրիլի 2025 - 16:08 AMT
Տնտեսվարողները կրկին կառավարության մոտ են․ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Տնտեսվարողները ՀՀ կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են անում` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,հայտնում է Sputnik Արմենիան։

Մոտ տասը օր առաջ նրանք արդեն իսկ կազմակերպել են ակցիա նույն վայրում և կառավարությանն են ներկայացրել 2350 ստորագրությամբ պահանջագիր։ Տնտեսվարողները իրենց դժգոհությունն են արտահայտել շրջանառության հարկի բարձրացման կապակցությամբ, ըստ որի՝ 5 տոկոսի փոխարեն այս տարվանից առևտրային գործունեությամբ զբաղվողների համար սահմանվել է 10 տոկոս հարկ։

«Մինչ օրս արձագանք չի եղել, այլապես այստեղ չէինք լինի։ Մեր հաշվապահներն էլ այսօր մոտ 1500 ստորագրություն են հավաքել, թեպետ չէինք շարունակում ստորագրահավաքը։ Մենք մեր քրտինքով աշխատող ու ապրող քաղաքացիներ ենք ու ուզում ենք, որ մեր պահանջը լսվի։ Գուցե իրեն սխալ են տեղեկացրել, բայց այսքան քաղաքացի գալիս է կառավարության մոտ, գոնե մի անգամ պետք է լսեր»,– ասել է անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։

Ա/Ձ Զոյա Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ ՓՄՁ-ները ճնշված են վարկային պարտավորություններով և դժվարությամբ են կարողանում հոգալ ընտանեկան ծախսերը։ Նրա խոսքով, արդեն մոտ տասը անգամ այցելել են կառավարության շենք, բայց Փաշինյանն իր խոսքի տերը չի եղել, չնայած նախկինում հայտարարել է, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր քաղաքացու։

Ցուցարարներին միացել է նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ նպատակ ունենալով քննարկել հնարավոր լուծումները։

«Առարկայական լուծումներ են պետք։ Իրենց հետ (նկատի ունի ՀՀ իշխանություններին–խմբ.) խոսելու տարբերակ չկա, իրենք չեն հասկանում երկխոսությունն ինչ է։ Իրենց հետ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,– ասել է Սարգսյանը։

ՓՄՁ-ները վերսկսել են բողոքի ակցիաները և միաժամանակ ստորագրահավաք են սկսել՝ բողոքելով շրջանառության հարկի համակարգում կատարված փոփոխություններից։

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը բարձրաձայնել է երեք հիմնական խնդիր՝ շրջանառության հարկի 50 տոկոսով բարձրացում (5%-ից դարձել է 10%), գույքագրման պարտադրանք և ստուգումների ժամանակ ապրանքների փաստաթղթերի բացակայության համար 20 տոկոս տույժ։

Բողոքի մասնակիցներն իրենց խոսքում ընդգծել են, որ այս փոփոխությունները դիտարկում են որպես ՓՄՁ-ների ոչնչացման միտված քայլ։

ՓՄՁ-ների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը նշել է, որ ապրիլի 30-ին Ազգային ժողովում նախատեսվում է իրենց ներկայացրած հանրագրի քննարկում։

«Այդ քննարկմանը լինելու ենք և՛ Հաշվապահների, և՛ Իրավաբանների, և՛ ՓՄՁ–ների ասոցիացիաներով։ Ակնկալիքս այդ հանդիպումից արդյոք կփոխվի այնտեղ ինչ–որ բան մոտ է 0-ի, որովհետև ես այդ մարդկանց հետ շփվում եմ ու հասկանում եմ, որ իրենք որևէ բան որոշող չեն»,– նշել է Ավագյանը։

Ակցիային մասնակցած տնտեսվարողները եկել են այն եզրակացության, որ առանց հանրային ճնշման հնարավոր չէ հասնել արդյունքի։

Նաիրի Սարգսյանի, Հակոբ Ավագյանի և տնտեսվարողների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ձևավորել աշխատանքային խումբ, որի միջոցով հնարավոր կլինի կազմակերպել համակարգված գործադուլներ և ուժեղացնել հանրային ճնշումը։

Կատարված փոփոխությունների համաձայն՝ միկրոձեռնարկատերերն ու ՓՄՁ-ները, որոնք գործում են կամ նախատեսում են գործել շրջանառության հարկի համակարգում (մինչև 120 մլն դրամ տարեկան շրջանառություն), 2025 թվականից հարկվելու են կրկնակի դրույքաչափով։ Առևտրի սուբյեկտների համար սահմանվել է 10 տոկոս հարկ, արտադրության դեպքում՝ 7 տոկոս, հանրային սննդի համար՝ 12 տոկոս։ Եթե տնտեսվարողները վարեն թափանցիկ հաշվապահություն, ապա առևտրի ոլորտում հնարավոր է հարկի նվազեցում մինչև 1 տոկոս, արտադրության՝ մինչև 3 տոկոս, իսկ հանրային սննդի՝ մինչև 6 տոկոս։

ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ի նիստում սահմանել է անցումային շրջան՝ մինչև հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում կառավարությունը կաջակցի տնտեսվարողներին՝ թույլ տալով իրացնել իրենց ապրանքային մնացորդները, որոնք նախկինում ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի։