25 ապրիլի 2025 - 16:40 AMT
Աննա Վարդապետյան․ Հաջորդ հաղորդման մեջ Մարտի 1-ի միջդատական վարույթով ասելիք կունենամ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ նախատեսում է անդրադառնալ Մարտի 1-ի գործի միջդատական վարույթին իր հաջորդ հաղորդման ընթացքում։ Նա այդ մասին ասել է ԱԺ–ում։

Նրա խոսքով՝ այս պահին դատարանում քննվող վարույթն ամբողջությամբ հանրայնացվել է և լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, ուստի ներկայումս նոր մանրամասներ ներկայացնելու առիթ չի տեսնում, հայտնում է Aysor.am-ը։

«Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում, կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ», – հայտարարել է Աննա Վարդապետյանը։

2024-ի սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը, և Մարտի 1–ի գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): 2021–ի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: