«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում նշել է, որ միայն 2024 թվականին կալանք կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունների թիվն ավելացել է 242-ով՝ համեմատած նախորդ տարվա։ Այդ համատեքստում նա հարց է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով նշել գոնե մեկ դեպք, երբ կալանավորված, հակաիշխանական հայացքներով անձանց նկատմամբ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը և միջնորդել է խափանման միջոցի՝ կալանքի վերացում։
«Կհիշե՞ք գեթ մի քանի դեպք, երբ կալանավորված հակաիշխանականի նկատմամբ դատախազությունը միջնորդել է վերացնել խափանման միջոցը»,–հարցրել է նա։
Գլխավոր դատախազ Վարդապետյանը պատասխանել է, որ կա մոտ 400 դեպք, երբ խափանման միջոցը փոխվել է գրավի կամ երաշխավորագրի հիման վրա, հայտնում է Panorama.am-ը։
Մինասյանը միաժամանակ բարձրաձայնել է մի շարք ցուցանիշներ, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են՝ անդրադառնալով հատկապես ծանր հանցագործությունների և թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի ավելացմանը։ Նա նշել է, որ 2024 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 422-ով, իսկ թմրանյութերի մաքսանենգության դեպքերն աճել են կրկնակի։
«431 քրեական վարույթ՝ 30 % դատախազության կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, ինչը կարող է լինել հանրային միջոցների անհարկի վատնում»,– ընդգծել է Մինասյանը։
Մինասյանը նաև հետաքրքրվել է, թե դատախազությունն առանձին վիճակագրություն վարու՞մ է արցախցիների դեմ ատելության խոսքի դրսևորումների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտման դեպքերով հարուցված վարույթների վերաբերյալ։
Վարդապետյանը նշել է, որ նման դեպքերով առանձին վիճակագրություն չի վարվում։
Մինասյանն իր արձագանքում տարակուսել է՝ ընդգծելով, որ հենց նման հոդվածների նպատակն է ապահովել վերահսկողություն և հանրային իրազեկում, և եթե նման տվյալներ հասանելի չեն, հասարակությունը չի կարող պատկերացում կազմել՝ արդյոք այդ ուղղությամբ պետական մեղադրողն աշխատանք տանում է, թե ոչ։