25 ապրիլի 2025 - 17:06 AMT
Շերման․ 110 տարի անց դեռ փորձում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Նա նշել է, որ նույնիսկ 110 տարի անց փորձում են ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի, ինչպես նաև հույների և այլ քրիստոնյաների սպանության 110-րդ տարելիցը։ 110 տարի անց շատերը դեռ ժխտում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է, որը մինչ օրս շարունակում է բախվել հայատյացությանը»,–նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը։

Նախկին նախագահ Ջո Բայդենը 2021–ին իր ուզերձում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ իր պաշտոնավարման հաջորդ տարիներին ևս կիրառելով այդ եզրույթն ապրիլի 24–ի ուղերձներում։