Առողջապահության համաշխարհային ասամբլեան ապրիլի 25-ը սահմանել է որպես մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարի այս օրը բարձրաձայնվում է մալարիայի դեմ պայքարի և գլոբալ վերացման նպատակի մասին՝ բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը մալարիայի կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև՝ խթանելու մալարիայի դեմ պայքարի միջոցառումները մալարիայից զերծ աշխարհ ունենալու նպատակով:
Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ընթացքում և դեպքեչ չեն եղել միայն 1963-1994թթ. և 2006-2025թթ. ժամանակահատվածներում: 1994թ.-ին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան, 2003թ.-ին Հայաստանը նախաձեռնեց մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, հայտնում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։
2006թ.-ից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպք չի արձանագրվել և 2011թ.-ին ԱՀԿ-ի կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն Եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որտեղ հաջողվել է վերացնել մալարիան՝ լինելով էնդեմիկ: Սակայն պետք է նշել, որ Հայաստանում կլիմայական պայմանները, փոխանցողները և ընկալունակ օրգանիզմները միշտ առկա են և, եթե հայտվի վարակի աղբյուրը, կարող է հանգեցնել նոր, ակտիվ օջախների ձևավորմանը:
Մալարիան հնագույն և կյանքին սպառնացող վարակիչ հիվանդություններից է։ 1990-ականների վերջից սկսած՝ միջազգային հանրությունը ստանձնել է մալարիայի դեմ պայքարի համընդհանուր պատասխանատվություն, ինչը թույլ է տվել կանխել շուրջ 2.2 միլիարդ հիվանդացման և մոտ 12.7 միլիոն մահվան դեպք։ Սակայն վերջին տարիներին, կայուն նվազումից հետո, արձանագրվել է առաջընթացի դանդաղում։ Ներկայումս մեկ րոպեում աշխարհում մեկ մարդ է մահանում մալարիայից։ Կլիմայական փոփոխությունները, հակամարտությունները, հումանիտար ճգնաժամերը և տնտեսական անկայունությունը խաթարում են պայքարը, ինչի արդյունքում բազմաթիվ էնդեմիկ շրջաններում մարդիկ զրկված են մալարիայի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման հնարավորություններից։ Հիվանդության ծանր դեպքերը կարող են շատ արագ հանգեցնել մահվան՝ առանց պատշաճ բուժման։
«Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը հայտնում է, որ 2023 թվականին աշխարհում արձանագրվել է մոտ 263 միլիոն մալարիայի դեպք և 597,000 մահ՝ ընդգրկելով 83 երկիր։ ԱՀԿ տվյալներով՝ Աֆրիկյան տարածաշրջանը կրել է գլոբալ բեռի 94%-ը հիվանդությունների և 95%-ը՝ մահերի տեսքով, որոնց մեծ մասը՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում։ Մնացած դեպքերը բաժին են ընկել Ասիային, Եվրոպայի որոշ հատվածներին, Մերձավոր Արևելքին ու Լատինական Ամերիկային։
Մալարիայի հարուցիչը մալարիայի պլազմոդիում մակաբույծն է։ Մարդկանց մալարիա են հարուցում հինգ տեսակ՝ P. falciparum, P. vivax, P. malariae, P. ovale և P. knowlesi։ Ամենավտանգավորն է P. falciparum-ը, որն առավելապես տարածված է Աֆրիկայում, իսկ P. vivax-ը գերակշռում է Աֆրիկայից դուրս գտնվող երկրներում։ Վարակի աղբյուր կարող են լինել ինչպես հիվանդները, այնպես էլ մակաբուծակիրները։ Վարակումը հիմնականում կատարվում է էգ Անոֆելես մոծակի խայթոցի միջոցով, որն առավելապես տարածված է արևադարձային գոտիներում։ Հայաստանում առավել տարածված է A. maculipennis տեսակը։ Մալարիան կարող է նաև փոխանցվել արյան փոխներարկման կամ չմշակված բժշկական գործիքների միջոցով։
Հիվանդության դրսևորումներն են ջերմություն, դող, գլխացավ՝ մեղմ ձևի դեպքում, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներ, հոգնածություն, շնչառության խանգարումներ և նոպաներ։ Բարձր ռիսկի խմբում են նորածինները, մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, ՄԻԱՎ-ով վարակված անձինք և էնդեմիկ տարածքներ մեկնող ճանապարհորդները։
Մալարիան կանխարգելելի և բուժելի հիվանդություն է։ Կանխարգելման հիմնական միջոցներն են՝
Մոծակներից պաշտպանություն․
Քիմկանխարգելում․
Մալարիայի էնդեմիկ երկրներ ճանապարհորդողներին խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ համապատասխան կանխարգելիչ դեղամիջոցների ժամանակին ընդունման համար։ Դեղամիջոցները հաճախ նշանակվում են մեկնումից 2-3 շաբաթ առաջ, շարունակվում են ողջ ուղևորության ընթացքում և կիրառվում են մինչև հնարավոր վարակից հետո 4 շաբաթվա ավարտը։
Պատվաստում․
2021 թվականից ԱՀԿ-ն հավանություն է տվել RTS,S/AS01 պատվաստանյութի կիրառմանը՝ երեխաների շրջանում՝ P. falciparum-ի տարածման միջին և բարձր մակարդակ ունեցող երկրներում։ 2023-ին նախաորակվել է նաև երկրորդ պատվաստանյութը՝ R21/Matrix-m, որը նույնպես ապացուցված է որպես անվտանգ և արդյունավետ։ Այս պատվաստումներն արդեն ներառվել են Աֆրիկյան երկրների ազգային պատվաստման ծրագրերում։
ԱՀԿ-ի 2016–2030 թթ․ մալարիայի դեմ պայքարի գլոբալ ռազմավարությունը սահմանում է երեք հիմնական նպատակ՝