ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գործարարների հետ քննարկում է անցկացրել՝ անդրադառնալով ոլորտում նկատվող մի շարք հարցերի, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից գործադրվող ու օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը, հայտնում է նախարարությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Քննարկման շրջանակում մանրամասն դիտարկվել են այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս ընկերությունների կողմից գների կազմման և զեղչերի իրականացման ընթացքում, ինչպես նաև շեշտվել է օրենքով սահմանված նորմերի կատարելագործման անհրաժեշտությունը։
Ներկայացվել են տարբեր ընկերությունների փորձառությունները և առաջարկներ՝ համակարգային բնույթ կրող խնդիրների հաղթահարման և գործարար միջավայրի որակական բարելավման ուղղությամբ։
Պապոյանը կարևորել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը քաղաքական որոշումների ընդունման և բարեփոխումների իրագործման գործընթացներում:
«Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը»,-ասել է նա։
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ստեղծել հաղորդակցության կայուն հարթակ, որպեսզի ոլորտային քննարկումներն իրականացվեն պարբերաբար և կառուցվածքային ձևաչափով։
Ապրիլի 25–ին տնտեսվարողները ՀՀ կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են արել` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ տասը օր առաջ նրանք արդեն իսկ կազմակերպել են ակցիա նույն վայրում և կառավարությանն են ներկայացրել 2350 ստորագրությամբ պահանջագիր։ Տնտեսվարողները իրենց դժգոհությունն են արտահայտել շրջանառության հարկի բարձրացման կապակցությամբ, ըստ որի՝ 5 տոկոսի փոխարեն այս տարվանից առևտրային գործունեությամբ զբաղվողների համար սահմանվել է 10 տոկոս հարկ։