25 ապրիլի 2025 - 18:14 AMT
Հարիս․ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց մենք խորհում ենք հայ ժողովրդի տոկունության մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ապրիլի 24–ին հիշում և հարգում ենք 1․5 մլն հայերի հիշատակը։

Նա նշել է, որ այդ մարդիկ բռնագաղթի են ենթարկվել, սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, սպանվեցին և մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին և վերահաստատում մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»,- գրել է Հարիսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը։

Նախկին նախագահ Ջո Բայդենը 2021–ին իր ուզերձում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ իր պաշտոնավարման հաջորդ տարիներին ևս կիրառելով այդ եզրույթն ապրիլի 24–ի ուղերձներում։