Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին ձախողվել է և ժամանակն է վերջնականապես լուծարել ոչ միայն այդ խումբը, այլև դրա բոլոր կառույցները։
Նա նշել է, որ Հայաստանը ևս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է «իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ռազմական ու քաղաքական միջոցներով», հայտնում է Minval.az-ը։
Սինիրլիօղլուն շնորհավորել է կողմերին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում գրանցված առաջընթացի կապակցությամբ և նշել, որ քննարկումները հարաբերությունների կարգավորման շուրջ շարունակվում են։
Սինիրլիօղլուն անդրադարձել է նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի համագործակցությամբ իրականացվող նախագծերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հայկական կողմի համար քննարկելի է։
«Ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ որոշումը. մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում՝ օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և որ այս պատմությունը ոչ թե խաղաղության մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,-ասել է Փաշինյանը։