Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 11 միլիոն դրամով խրախուսել է Եվրոպայի առաջնության մարզիկներին և մարզիչներին։
«Ֆեդերացիան պետության կողմից տրվող պարգևներից զատ, բուն ֆեդերացիայի միջոցներով էլ է փորձում խրախուսել մարզիկներին: Հենց այս նպատակով պարգևատրվեցին Եվրոպայի առաջնության նաև առանձին վարժությունների մեդալակիրները: Ֆեդերացիայի այս պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 11 միլիոն դրամ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Եվրոպայի առաջնության մեդալակիրներին` Վարազդատ Լալայանին, Գարիկ Կարապետյանին, Գոռ Սահակյանին, Ռաֆիկ Հարությունյանին, Աննա Ամրոյանին, Լիանա Գյուրջյանին, Ալեքսանդրա Գրիգորյանին, Գառնիկ Չոլակյանին, Միլենա Խաչատրյանին, Տաթև Հակոբյանին: Պարգևատրվել են նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Հակոբ Փիլոսյանը, կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, մարզիչ Տարոն Թովմասյանը, թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու թիմի մերսող Ռոզա Հովհաննիսյանը:
Ֆեդերացիայի նախագահը նաև ազգային մրցավարի կոչումներ է հանձնել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին և Գառնիկ Աբրահամյանին, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: