26 ապրիլի 2025 - 12:12 AMT
Պատմության թանգարանում բացվել է Ցեղասպանությունից փրկվածներին առնչվող ցուցադրություն․ Մարսելից բացառիկ նյութեր են բերվել

Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է ժամանակավոր ցուցահանդես՝ «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով, որտեղ ներկայացված են Ֆրանսիայից բերված բացառիկ նմուշներ՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ հիշարժան առարկաներ, որոնք պատմում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականների մասին։

Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» ճամբարում ապաստան գտած հայ գաղթականների մասին պատմող նյութերը տրամադրել է ֆրանսիական ARAM հետազոտական և հայկական հիշողության արխիվների միությունը։ Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, պաշտոնապես բացվել է ապրիլի 25-ին, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ առաջին անգամ Մարսելից բերվել է ավելի քան հիսուն փաստավավերագրական նյութ, որոնք զուգակցվել են թանգարանի պահոցից ընտրված արժեքավոր նմուշների հետ՝ հագուստներ, զարդեր և այլն։ Ցուցադրության առանցքային նմուշը «Նանսենյան անձնագիրն» է, որը օրեր առաջ ARAM միությունը նվիրել է թանգարանին։

«Ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտել պատմական իրադարձության կարևոր շերտերը, հատկապես՝ ցեղասպանությունից փրկվածների պատմությունները։ Կարծում ենք՝ այս համագործակցությունը նոր ձևաչափ է՝ զարգացնելու նման ցուցադրությունները՝ կապելով մայր թանգարանի և սփյուռքում գործող ժառանգության կենտրոնների հավաքածուները՝ այդպիսով առիթ ստեղծելով նորովի ընկալել մեր մշակութային ժառանգության, մեր ինքնության տարբեր կողմերը»,- ասել է Պողոսյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը։

Նա ընդգծել է նաև, որ ցուցադրությունը հատուկ երախտագիտության տուրք է Ֆրանսիային, որն իր գիրկն է առել Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերին և շարունակել աջակցել նրանց մինչև այսօր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել հայկական համայնքների հետ համագործակցությունը՝ համարելով այն կարևոր և իմաստալից ռազմավարական քայլ։ Նա հատուկ նշել է, որ համագործակցության արդյունքում Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը» տեղ կզբաղեցնի թանգարանի մշտական ցուցադրությունում։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։

Ֆրանսիական Օտտօ ճամբարը, որը հիմնադրվել է 1922 թվականին և գործել մինչև 1927 թվականը, հյուրընկալել է ավելի քան հինգ հազար հայ գաղթական։ Ճամբարին առնչվող տվյալները թվայնացվել են, ինչը հնարավորություն է տալիս սերունդներին պարզել նախնիների պատմությունը։ Ըստ այդ տվյալների՝ գաղթականները հիմնականում եկել են Սիվասից։ Ճամբարի տնօրենը հայ է եղել և ազատ տիրապետել է ֆրանսերենին։ Այստեղ գործել է դպրոց՝ 400 հայ աշակերտներով, ինչպես նաև հիմնադրվել են հայրենակցական և եկեղեցական միություններ, որոնցից մեկը՝ Գրիգորիս Պալաքյանի նախաձեռնությամբ, որը նույնպես փրկվածներից է եղել։