26 ապրիլի 2025 - 13:14 AMT
Արդարադատության ոլորտում ԵՄ չափանիշներին համապատասխան հանձնաժողով կարող է ստեղծվել

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտում նախատեսված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կազմակերպված Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ։

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողության իրականացումը և գործողությունների կիրարկմանն աջակցելը: Այս շրջանակում նախատեսված են հանդիպում-քննարկումներ ոլորտային կառույցների հետ՝ ընթացիկ գործընթացներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով համագործակցելու համար»,- ասել է Մերի Գալստյանը։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, անդրադառնալով ճանապարհային քարտեզի կատարման գործընթացին, նշել է. «Նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում»։

Մասնավորապես ներկայացվել են Ընտրական, Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում իրականացված փոփոխությունները, հակախտրականության ոլորտում մշակված կարգավորումները, Հակակոռուպցիոն ռազմավարության կազմման և ընդունման ընթացքը, դատաիրավական բարեփոխումները և դրանցից բխող ռազմավարության մշակումը, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման, տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված ու նախատեսվող աշխատանքները։ Ընդգծելով անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ նախարարի տեղակալը հավելել է, որ նախարարությունն առաջարկում է ձևավորել ԵՄ պահանջներին բավարարող համանուն հանձնաժողով։

Խոսելով ընթացիկ աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների մասին՝ Աննա Կարապետյանը նշել է կարողությունների զարգացման, ԵՄ իրավական համակարգից առցանց օգտվելու, ԵՄ օրենսդրության մոտարկման և փորձաքննությունների ժամկետների հետ կապված խնդիրները, ինչպես նաև կարեւորել է յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համապատասխան վերապատրաստումների կազմակերպումը։ Մերի Գալստյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների մանրամասն ներկայացման համար։