26 ապրիլի 2025 - 13:30 AMT
ԱՀՀ․ ԱՄՆ օրենսդիր և դատական մարմինները վաղուց հաստատել են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ նշելով դրա ժխտման իրական վտանգները և հիշեցնելով ԱՄՆ դիրքորոշման մասին։

Ամերիկայի հայկական համագումարի հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, տարածել է հայտարարություն, որը ներկայացրել է ցեղասպանության բառարանային սահմանումը՝ ինչպես արվել է նաև նախկին նախագահների կողմից։

Նշվում է, որ 2025 թվականի ապրիլի 24-ի ուղերձը որևէ քաղաքական փոփոխություն չի ենթադրել, քանի որ օրենսդիր և դատական մարմինները վաղուց հաստատել են պատմական փաստերը, մինչդեռ Ռոնալդ Ռեյգանն ու Ջո Բայդենը իրենց հիշատակի խոսքերում հստակորեն օգտագործել են ցեղասպանություն տերմինը։

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շեշտել է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումն ու քաղաքականությունը հստակ են: Մենք շարունակում ենք անսասան մնալ հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար համատեղ աշխատելու հարցում, մինչ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանը, և մինչ 23 հայտնի հայ պատանդներ անարդարացիորեն պահվում են Բաքվում»։ Արդունին ընդգծել է, որ Համագումարը կոչ է անում վարչակազմին կատարել նախագահ Թրամփի անցյալ տարվա խոստումը՝ աջակցելով հայ քրիստոնյաներին, որոնք «սարսափելիորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախում»։

ԱՀՀ–ն հաստատել է, որ ցեղասպանությունների դեմ միջազգային արձագանքի բացակայությունը միշտ էլ խրախուսել է բռնատիրական ռեժիմներին. Արցախի էթնիկ զտումները և ադրբեջանական խոշտանգումները բնութագրվել են որպես երիտթուրքերի քաղաքականության շարունակություն։ Միաժամանակ հիշեցվել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքը՝ «ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին», որը նախորդել է Հոլոքոստի սանձազերծմանը։ Նշվել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նմանատիպ արտահայտություն է արել՝ պարծենալով, թե «մենք նրանց շների պես քշում ենք»։

Ամերիկայի հայկական համագումարը կրկին շեշտադրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումն ունի նույնքան ծանր հետևանքներ, որքան Հոլոքոստի ժխտումը, հակասեմականությունն ու ռասիզմի այլ ձևերը։ Դեսպան Հենրի Մորգենթաուի հաղորդագրությունները, որտեղ նշված է եղել, որ ընթանում էր «ռասայական ոչնչացման արշավ», դարձել են կարևոր ապացույցներ։ Մորգենթաուն ընդգծել է. «Անցյալի մեծ կոտորածներն ու հալածանքները գրեթե աննշան են թվում՝ համեմատած հայ ազգի 1915թ․-ի տառապանքների հետ»։

1915 թվականի մայիսին դաշնակից տերություններն առաջին անգամ մեղադրել են կառավարություն՝ «մարդկության և քաղաքակրթության դեմ» հանցագործությունների մեջ։ Իսկ արդեն 1916 թվականին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով կոչ է արվել նախագահ Վուդրո Վիլսոնին նշանակել օր՝ հայերին օգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով։

Գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան առաքելության ղեկավարը, իր զեկույցում արձանագրել է. «մարմնական մասնատումները, բռնությունը, խոշտանգումները և մահը թողել են իրենց հետապնդող հիշողությունները հարյուրավոր գեղեցիկ հայկական հովիտներում, և այդ տարածաշրջան այցելող ճանապարհորդը հազվադեպ է ազատվում բոլոր դարերի այս ամենախոշոր հանցագործության վկայություններից»։

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր ելույթում նշել է, որ հայերի հանդեպ համակրանքը բխել է «անարատ խղճից» և «մաքուր քրիստոնեական հավատքից»՝ ընդգծելով, որ հայերին օգնելու ձգտումը եղել է բոլոր քրիստոնյաների ընդհանուր մտահոգությունը։

Ռաֆայել Լեմկինի ջանքերի շնորհիվ, ով ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը՝ հղում անելով Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին, ՄԱԿ-ը 1948 թվականին ընդունել է Ցեղասպանության կանխարգելման և պատժման կոնվենցիան։ Իսկ 1951 թվականին ԱՄՆ-ն Արդարադատության միջազգային դատարանում իր գրավոր հայտարարությամբ հատուկ ընդգծել է, որ հայերի, հրեաների և լեհերի զանգվածային բնաջնջումները հանդիսանում են ցեղասպանության ակնառու օրինակներ։

1993 թվականին ԱՄՆ վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգները մշտապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկիմաստության մասին պնդումները հետ են կանչվել։

Ռոնալդ Ռեյգանն եղել է առաջին նախագահը, ով պաշտոնապես կիրառել է «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելով հայերի դեմ ուղղված ոճրագործությունները՝ իր 1981 թվականի ապրիլի 22-ի Հոլոքոստի հիշատակի հայտարարության ժամանակ. «Ինչպես դրանից առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը, և ինչպես չափազանց շատ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված նմանատիպ չափազանց շատ հալածանքներ՝ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հայտարարություններով հանդես են եկել նաև նախագահներ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման, որն օգտագործել է «Մեծ եղեռն» տերմինը։ Նախագահ Ջո Բայդենը յուրաքանչյուր տարի իր պաշտոնավարման ընթացքում ուղղակիորեն հիշատակել է Հայոց ցեղասպանությունը։

Թրամփի առաջին նախագահության ժամանակաշրջանում, 2019 թվականին, Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև (H.Res.296), որը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Սենատն էլ միաձայնությամբ հավանություն է տվել ուղեկցող բանաձևին։ Բացի այդ, ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը իրենց ընդունած բանաձևերի և հռչակագրերի միջոցով։

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի այս հիշարժան պահին վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակել աջակցել հայ ժողովրդի անվտանգությանը և խաղաղությանը։

ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունում մասնավորապես նշվել է. «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք ենք մատուցում այդ հրաշալի հոգիների հիշատակին… Սկսած 1915թ․-ից, Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և տարվեցին մահվան ճանապարհով… Մինչ մենք հարգում ենք զոհերի հիշատակը, իմ վարչակազմը շարունակում է հանձնառու մնալ կրոնական ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը»։