Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա կառույցների պահպանումը տրամաբանական հիմնավորում չունի։
Բայրամովը կրկին անդրադարձել է նաև Բաքվի մեկ այլ պահանջին՝ ՀՀ Սահմանդրության փոփոխությանը, հայտնում է Trend-ը։
«Իմ կողմից ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունում կան պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և անհրաժեշտություն կա այդ ուղղությամբ Սահմանադրության փոփոխությունների։ Մեկ այլ հարց վերաբերում է Մինսկի խմբի և դրա կառույցների լիակատար լուծարմանը, ինչպես նաև այս հարցով կազմակերպության ներսում կոնսենսուսի հասնելու անհրաժեշտությանը։
Նախ և առաջ, սա պետք է իրականացվի Ադրբեջանի և Հայաստանի դիմումների հիման վրա։ Նշված կառույցների գոյությունը որևէ առնչություն չունի ներկայիս իրավիճակի հետ։ Ժամանակին, 1990-ականներին, դրանք ստեղծվել էին Ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո արդեն չկա որևէ տրամաբանական բացատրություն այդ ինստիտուտների պահպանման համար», - ասել է Բայրամովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։