Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Իր ելույթում նա նշել է, որ պետության քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը։
Նա հավելել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի տոնը և Քաղաքացու օրը համընկել են, ինչի կապակցությամբ շնորհավորել է նաև Քաղաքացու օրվա առթիվ: Փաշինյանի խոսքով՝ այս համընկումը խոր իմաստ ունի, քանի որ թե՛ քաղաքացին, թե՛ սահմանը կարևոր հենարան ունեն՝ պետությունը։
«Չի լինում քաղաքացի՝ առանց պետության, և չի լինում սահման՝ առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում․․․
Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ այն տարածքները, որոնք սահմանազատվել են և անցել են Սահմանապահ զորքերի հսկողության ներքո, Կառավարության համար որոշակի խորհրդանշական նշանակություն ունեն:
«Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք և որոնց արդյունքում ՀՀ մուտք գործող և ՀՀ տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ: Սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողներին և Ռուսաստանին՝ ՀՀ անկախության առաջին օրերից այդ գործառույթը իրականացնելու համար:
«Մյուս կողմից ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին՝ մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ ՀՀ–ն, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար:
Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հատուկ ընդգծելով կամավոր ատեստավորման գործընթացը, որը կարևոր միջոց է սահմանապահների և նրանց ընտանիքների բարեկեցության համար։
Եզրափակելով ելույթը՝ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Սահմանապահ զորքերի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Միջոցառման ավարտին ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական ելույթներով, իսկ վարչապետը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական հնարավորություններին:
2024–ի օգոստոսի 1–ին ռուս սահմանապահները հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանից։ Նրանք հեռացել են նաև Իրանի հետ սահմանակից Ագարակի անցակետից։ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի տարբեր մարզերում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված ռուս զինվորականների դուրս բերումն էին համաձայնեցրել։