26 ապրիլի 2025 - 15:21 AMT
«FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են կառավարության աջակցության ծրագրին

«FlyOne Արմենիա» և «Շիրակ ավիա» ավիաընկերությունները դեմ են արտահայտվել ուղևորափոխադրումների խթանմանը միտված աջակցության ծրագրին, որն ընդունվել է ապրիլի 23–ին։ Այդ մասին ասվում է ավիաընկերությունների տարածած հայտարարության մեջ։

«Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված կառավարության ընդունած որոշման հետ։ Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։ Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունները ընդգծել են, որ կառավարության այս որոշումը կարող է լրջորեն վնասել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները և էլ ավելի սրել օտարերկրյա փոխադրողների հետ արդեն գոյություն ունեցող անհավասար մրցակցային իրավիճակը։ «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» այս եզրակացության են եկել՝ ընդգծելով, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը գտնվում է Եվրոպական միության և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն) «սև ցուցակներում»։

Ավիաընկերությունները մտահոգիչ են համարել նաև այն փաստը, որ կառավարության նիստի ժամանակ ներկայացվել են տվյալներ, որոնք կարող էին ստեղծել այնպիսի տպավորություն, թե նախագիծը տեղական ավիափոխադրողների կողմից ընդունվել է։ Ըստ նրանց, իրականում դա չի համապատասխանում փաստերին։

Ընկերությունները վստահեցրել են, որ պետական մարմիններին և՛ գրավոր, և՛ բանավոր ձևով տեղեկացվել է իրենց բացասական վերաբերմունքի մասին, սակայն այդ դիրքորոշումը չի արտացոլվել ծրագրի մշակման և ընդունման գործընթացում։

Ավիաընկերությունները կոչ են արել՝ ելնելով ազգային շահերի առաջնահերթությունից, ապահովել տեղական ավիափոխադրողների օրինական իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ։

Ապրիլի 23-ին ՀՀ գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը»։